Հայաստանի ռազմարդյունաբերական ոլորտի կազմակերպությունները Պաշտպանության նախարարությունից ստացել են 122 մլրդ դրամի (308 մլն դոլար) պատվեր, հայտնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
Նա հավելել է, որ այդ գումարը 2024 թվականի ավարտին պետք է հասնի 191 մլրդ դրամի (ավելի քան 482 մլն դոլար)։ Նախարարը նշել է, որ խոսքը երեք տարվա պայմանագրերի մասին է։ Հայրապետյանի խոսքով՝ պաշտպանության գերատեսչությունը պատվերներ է կատարել 25 կազմակերպությունից, ակնկալում են, որ մինչև տարեվերջ այս թիվը կհասնի 29-ի:
Հունվարի 28-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանի ռազմարդյունաբերական ոլորտը կառավարությունից ստացել է հարյուրավոր միլիոն դոլարի պատվերներ։ Վարչապետը պատվերների ծավալն անվանել էր «աննախադեպ» և ընդգծել, որ իշխանությունները շարունակելու են ներդրումներ կատարել ռազմարդյունաբերական ոլորտում՝ միաժամանակ ավելացնելով գիտության և կրթության ֆինանսավորումը։
Մանրամասները՝ տեսանյութում: