Ապրիլի 12-ին տեղի ունեցած «Ուրալ»-ի վթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի առողջական վիճակի մեջ դրական տեղաշարժ կա, Armenia Today-ին հայտնեց ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
Նրա խոսքով՝ զինծառայողի վիճակն այս պահին գնահատվում է ծանր, կայուն։
Թորոսյանը նշեց, որ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած բոլոր զինծառայողների առողջական վիճակում կա դրական դինամիկա, բոլորին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն:
Ապրիլի 12-ին ՀՀ ՊՆ-ն հայտնել էր զինծառայողներ տեղափոխող բեռնատարի վթարի հետևանքով 4 զոհի և 20 վիրավորի մասին։ Գերատեսչության տվյալներով՝ վթարի հետևանքով մահացել են Արեգ Արմենի Քերոբյանը, Սլավիկ Վարդանի Վարդանյանը, Դավիթ Համբարձումի Հակոբյանը և Ժոզեֆ Մելքոնի Ազոլյանը։ Քննչական կոմիտեն վթարի հետևանքով զինծառայողների մահվան դեպքի առթիվ նախաձեռնել էր քրեական վարույթ։