Եվրամիությունը նախատեսում է Երևանին 10 միլիոն եվրո հատկացնել, որը պետք է ծախսվի 30 ամսվա ընթացքում, հայտնում է «Ազատություն»-ը՝ հղում անելով դիվանագիտական փաստաթղթերին:
Գումարը, ըստ փաստաթղթի, պետք է տրամադրվի մեկ գումարտակի համար նախատեսված դաշտային մոդուլային ճամբար ստեղծելու համար, որը կներառի նաև մեկ բժշկական օգնության ամբուլատորիա, ինչպես նաև համապատասխան ծառայություններ ու կարողություններ։ Նշվում է, որ Բրյուսելում նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել Խաղաղության եվրոպական հիմնադրամի կողմից օգնության տրամադրման վերաբերյալ։
«Այս աջակցության նպատակն է նպաստել, որ Հայաստանի զինված ուժերը բարձրացնեն դիմադրողականությունն ու կայունության հաստատմանն ուղղված կարողությունները, և դրանով իսկ առավել լավ պաշտպանեն խաղաղ բնակչությանը՝ ճգնաժամերի և արտակարգ պատահարների ժամանակ»,- ասված է փաստաթղթում։
Անցած տարիներին Խաղաղության հիմնադրամից օգնություն են ստացել Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ նախնական համաձայնություն կա Վրաստանին տրամադրել 30 միլիոն եվրո արժողությամբ երկրորդ օգնության փաթեթը: Ըստ հրապարակման՝ ի տարբերություն Հայաստանի, որտեղ այդ օգնությունը հատկացվելու է մոդուլային ճամբար ստեղծելու վրա, Թբիլիսիին նախատեսվում է տրամադրել հրետանային ստորաբաժանումների կառավարման և դրանց գործողությունների վերահսկման համար նախատեսված սարքավորումներ, ինժեներական, կիբերպաշտպանական ու բժշկական տեխնիկա։
Ապրիլի 4-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հայտնել էր, որ Հայաստանը դիմել է Եվրամիությանը՝ Խաղաղության եվրոպական հիմնադրամի շահառուների ցուցակում ընդգրկվելու խնդրանքով։ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի խոսքով՝ Եվրամիությունը քննարկում է Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում ոչ մահաբեր զենքի մատակարարման միջոցով հայկական զինված ուժերին աջակցություն ցուցաբերելու հարցը։