ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ Տավուշի մարզի սահմանամերձ շրջանում ականազերծման աշխատանքների շրջանակում տեղի են ունենալու պայթեցման աշխատանքներ։
«Ապրիլի 22-ին՝ ժամը 20:10-20:30-ն ընկած ժամանակահատվածում, Ոսկեպար-Աշաղն Ասկիպարա միջտարածքում` գետից ձախ հատվածում և Բաղանիս Այրումից 750մ հյուսիս-արևելք հատվածում, տեղի կունենան պայթեցման աշխատանքներ՝ վերը նշված հատվածներից յուրաքանչյուրում մեկական պայթյուն»,- ասվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:
ՊՆ-ն հորդորում է հարակից հատվածի բնակչությանը խուճապի չմատնվել:
Ապրիլի 21-ին Տավուշի մարզի Կիրանց գյուղի բնակիչները փակել էին գյուղի հարակից ճանապարհը։ Կիրանցի բնակիչները չէին թողնում, որ մեկնարկեն ականազերծման աշխատանքները, որոնք իրականացվում են Տավուշից հայկական զորքերի hետքաշման համար։
Ապրիլի 19-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ սահմանազատման հանձնաժողովների 8-րդ հանդիպման արդյունքներով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են գործընթացն սկսել Տավուշի մարզից։ Այդ օրն՝ ավելի ուշ, ՀՀ վարչապետի աշխատակազմը նշել էր, որ սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին: Աշխատակազմում հստակեցրել էին, որ գործընթացի արդյունքում «Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն է՛լ ավելի կմոտենա Կիրանց և Ոսկեպար գյուղերին»։