2023 թվականին Հայաստանն ընգրկվել է ՀՆԱ-ում ռազմական ծախսերի ամենամեծ մասնաբաժին ունեցող երկրների տասնյակում, ասվում է Ստոկհոլմի խաղաղության հետազոտական ինստիտուտի (SIPRI) զեկույցում։
Ըստ զեկույցի՝ անցյալ տարի այդ ցուցանիշը կազմել է 5,5 տոկոս՝ 2022 թվականի 4,1 տոկոսի դիմաց։ Հայաստանի հետ մեկտեղ առաջին տասնյակում են Ուկրաինան, Ռուսաստանը, Ալժիրը, Իսրայելը, Հարավային Սուդանը, Օմանը, Լիբանանը, Հորդանանը և Սաուդյան Արաբիան։
SIPRI-ի տվյալներով՝ 2023 թվականին Հայաստանի ռազմական ծախսերը կազմել են ավելի քան 1 մլրդ 329 մլն դոլար՝ 2022 թվականի 795 մլն դոլարի դիմաց։ Ադրբեջանի ռազմական ծախսերը, ըստ ինստիտուտի, անցյալ տարի աճել են մինչև 3 միլիարդ 561 միլիոն դոլար (ՀՆԱ-ի 4,6 տոկոսը)՝ 2022 թվականի 2 միլիարդ 991 միլիոն դոլարի (3,8 տոկոսի) դիմաց:
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 25-ին հայտնել էր, որ 2023 թվականին գերատեսչությունը պետբյուջեից ծախսել է 525,81 մլրդ դրամ։ 2023-ի հոկտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 2024-ին պաշտպանության ոլորտում պետական բյուջեի ծախսերը 2018-ի համեմատ կավելանան 125%-ով։