Ականապայթյունային վնասվածք է ստացել զինծառայող, որի կյանքին վտանգ չի սպառնում, Armenia today-ին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
Նա հավելել է, որ զինծառայողի վիճակը գնահատվում է բավարար՝ նշելով, որ այլ մանրամասներ չեն կարող հաղորդել։
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնել էր, որ ականազերծման աշխատանքների ժամանակ Տավուշի սահմանամերձ շրջանում պայթյուն է տեղի ունեցել։
Ապրիլի 19-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ սահմանազատման հանձնաժողովների 8-րդ հանդիպման արդյունքներով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են գործընթացն սկսել Տավուշի մարզից։ Այդ օրն ավելի ուշ ՀՀ վարչապետի աշխատակազմը նշել էր, որ սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին: Աշխատակազմում հստակեցրել էին, որ գործընթացի արդյունքում «Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն է՛լ ավելի կմոտենա Կիրանց և Ոսկեպար գյուղերին»։
Ապրիլի 21-ին Տավուշի մարզի Կիրանց գյուղի բնակիչները փակել էին գյուղի հարակից ճանապարհը, որպեսզի խոչընդոտեն ականազերծման աշխատանքներին։