Ապրիլի 29-ին՝ 08:10-08:40-ը, Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրից 1540 մ հյուսիս-արևելք տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ 1 պայթյուն, տեղեկացրել են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
«Հարակից տարածքի բնակիչներին խնդրում ենք ընդունել ի գիտություն և խուճապի չմատնվել»,- հայտնել են ՊՆ-ից։
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին։ Ապրիլի 19-ից մեկնարկած ակցիաները հաջորդող օրերին սկսվել են նաև ՀՀ այլ մարզերում։ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում գեոդեզիական չափումների հիման վրա ապրիլի 26-ի դրությամն 28 սահմանային սյուն է տեղադրվել։