Ապրիլի 12-ին «Ուրալ»-ի վթարի հետևանքով տուժած 20 զինծառայողից 8-ն ավարտել են բուժումը և դուրս գրվել հոսպիտալից, հայտնել են Պաշտպանության նախարարությունից։
«12 զինծառայող, այդ թվում՝ նախկինում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողը, շարունակում է բուժում ստանալ մասնագիտացված բաժանմունքներում։ Զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է բավարար, նրանք նույնպես առաջիկայում կավարտեն բուժումը և դուրս կգրվեն հոսպիտալից»,- հավելել են ՊՆ-ից։
Ապրիլի 12-ին ՊՆ-ն հայտնել էր զինծառայողներ տեղափոխող բեռնատարի վթարի հետևանքով 4 զոհի և 20 վիրավորի մասին: Վթարի հետևանքով մահացել էին Արեգ Արմենի Քերոբյանը, Սլավիկ Վարդանի Վարդանյանը, Դավիթ Համբարձումի Հակոբյանը և Ժոզեֆ Մելքոնի Ազոլյանը։ ՔԿ-ն վթարի հետևանքով զինծառայողների մահվան դեպքի առթիվ նախաձեռնել էր քրեական վարույթ։ Մայիսի 2-ին ՔԿ-ն հայտնել էր, որ վթարի գործով ՊՆ N զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել։