Հնդկաստանն արդիականացրել է ATAGS հրետանային համակարգը, որը 2023 թվականի օգոստոսին մատակարարվել էր Հայաստանին, հաղորդում է Indian Defense Research Wing-ը՝ վկայակոչելով Bharat Forge Limited-ի նախագահ Բաբա Կալյանիին։
«Հայաստանում տեղակայված ATAGS համակարգերը հագեցած էին բալիստիկ համակարգով՝ տեղական լեզվով ինտերֆեյսով:։ Այս կարգավորումը հեշտացնում է հայկական հրետանային անձնակազմի աշխատանքը՝ նվազեցնելով ուսումնասիրության ժամանակն ու սխալների հավանականությունը»,- ասվում է հաղորդագրությունում։
ATAGS-ի արդյունավետությունը բարձրացել է նաև բալիստիկ համակարգիչների՝ հայկական ցամաքային նավիգացիոն համակարգերին հեշտ ինտեգրման միջոցով: Indian Defence Research Wing-ը չի բացառում ATAGS-ի հետագա անհատականացումը և հայտարարում է, որ այն կարող է հարմարեցվել հայկական արբանյակային համակարգին միանալուն՝ ավելի ճշգրիտ թիրախավորման համար։
2022 թվականի սեպտեմբերի 29-ին Հնդկաստանը և Հայաստանը պայմանագիր էին կնքել հայկական կողմին մոտ 244 միլիոն դոլարի զենք մատակարարելու մասին, ըստ լրատվամիջոցների՝ պատվերը ներառում էր հնդկական արտադրության Pinaka MLRS-ի երբևէ առաջին արտահանման առաքումը։ 2022 թվականի նոյեմբերին հայտնի էր դարձել, որ Հայաստանը Հնդկաստանից պատվիրել է MArG 155 ինքնագնաց հաուբիցներ, ինչպես նաև հաղորդվել էր, որ օգոստոսին Հնդկաստանը Հայաստան է մատակարարել 155 մմ տրամաչափի առաջին վեց հրետանային ATAGS համակարգերը։
2023 թվականի հունվարին՝ ըստ հնդկական լրատվամիջոցների, Երևանը կարող է գնել հնդկական արտադրության ՀՕՊ համակարգեր, ինչպես նաև Հայաստանը և Հնդկաստանը քննարկել էին Հայաստանի կողմից MRSAM և Akash համալիրների ձեռքբերման հարցը։ 2023 թվականի դեկտեմբերին հայտնի էր դարձել, որ Հայաստանը Հնդկաստանից, բացի «Աքաշ» միջին հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգից, կգնի Bharat Dynamics ընկերության արտադրած 15 AAD համակարգ։