ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևելյան առաջնագիծ և հետևել կահավորման աշխատանքներին, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Ըստ գերատեսչության՝ նախարարն ստուգել է սահմանագոտու ինժեներական հագեցվածության, մարտական դիրքեր տանող ճանապարհների կառուցման, վերակառուցման աշխատանքները։
Պապիկյանը հետաքրքրվել է, թե ինչպե՞ս են ընթանում զորամիավորման պահպանության գոտիների, բնագծերի կահավորման, նոր ենթակառուցվածքների ստեղծման աշխատանքները:
Գերատեսչությունից նշել են, որ պատասխանատու պաշտոնյաները և շինարարությունն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչները նախարարին զեկուցել են իրականացվող մեծածավալ աշխատանքների և դրանց ավարտման ժամկետների մասին:
Պապիկյանն այցելել է նաև մարտական հերթապահություն իրականացնող գումարտակներից մեկի մշտական տեղակայման վայր, որը կառուցվել է մոդուլային ձևաչափով:
«Մշտական տեղակայման վայրը կառուցվել է մոդուլային շինությունների ձևաչափով և լիարժեք ապահովում է անձնակազմի կեցության ու ծառայության բարձր մակարդակի կազմակերպումը»,- նշել է ՊՆ-ն: