Հայաստանը չի մասնակցի մայիսի 31-ին Ալմաթիում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի (ՀԱՊԿ) պաշտպանության նախարարների խորհրդի նիստին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչ Յուրի Շուվալովը։
Միևնույն ժամանակ՝ նա նշել է, որ «Հայաստանը չի առարկում սահմանափակ ձևաչափով որոշումների ընդունմանը»։
«Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին, սակայն հայկական կողմը մեզ տեղեկացրել է, որ չի առարկում սահմանափակ ձևաչափով որոշումների ընդունմանը»,- ասել է Շուվալովը:
Մարտի 26-ին հունական Kathimerini օրաթերթին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ՀՀ-ն ՀԱՊԿ միջոցառումներին բարձր ու բարձրագույն մակարդակով չի մասնակցում։ Փետրվարի 22-ին Փաշինյանը France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։
Իր հերթին՝ ՀԱՊԿ-ը հայտարարել էր, որ կազմակերպությունը Հայաստանից պաշտոնական հաղորդագրություն չի ստացել իր մասնակցությունը կասեցնելու մասին։ ՌԴ ԱԳՆ-ն փետրվարի 23-ին ՀԱՊԿ-ի մասին Փաշինյանի խոսքերից հետո Երևանից պարզաբանում էր ակնկալել, իսկ մարտի 6-ին հայտարարել, որ ՌԴ-ն հայկական կողմին Երևանի համար խնդրահարույց հարցերի շուրջ խորհրդակցությունների է հրավիրել։ Փաշինյանը մարտի 12-ին ասել էր, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, եթե իր բարձրացրած հարցերի պատասխանները չստանա։
Փաշինյանը մայիսի 22-ին հայտարարել էր, որ գիտի ՀԱՊԿ առնվազն երկու երկիր, որոնք մասնակցել են 2020 թվականի 44-օրյա պատերազմի նախապատրաստմանը։ ՌԴ Պետդումայի ԱՊՀ և եվրասիական ինտեգրման հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը մայիսի 23-ին հայտարարել էր, որ երբ Փաշինյանը ՀԱՊԿ երկու երկրներին մեղադրել է Բաքվին օգնելու մեջ, նկատի է ունեցել Ռուսաստանին և Բելառուսին։
Ապրիլի 1-ին ՀԱՊԿ-ը Հայաստանում իր պատասխանատվության գոտի էր անվանել Հայաստանի ինքնիշխան տարածքը՝ կարգավորված պետական սահմաններում: Կազմակերպությունն այդ մասին հայտարարել էր ի պատասխան Փաշինյանի այն խոսքերի, որ Երևանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, եթե չստանա հանրապետությունում ՀԱՊԿ պատասխանատվության գոտու վերաբերյալ իր բարձրացրած հարցերի պատասխանները: