Հայաստանի Ազգային ժողովը հունիսի 12-ի նիստում վավերացրել է Հունաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման մասին համաձայնագիրը։
«ՀՀ կառավարության և Հունաստանի կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ-ն ընդունել է 96 կողմ ձայներով։
ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը հունիսի 11-ին ԱԺ-ում իր ելույթի ժամանակ հայտնել էր, որ համաձայնագրի նպատակն է ընդլայնել և խորացնել երկու երկրների միջև առկա ռազմատեխնիկական համագործակցության գործընթացը։
«Համագործակցության ուղղություններ են հանդիսանալու զենքի և ռազմամթերքի արտադրությունը, տեխնոլոգիաների փոխանցումը և տեխնիկական աջակցությունը: Համաձայնագրով նախատեսվում է նաև ռազմամթերքի արտադրության, ռազմական հետազոտությունների և գնահատման ոլորտներում փորձի փոխանակում, ռազմական նշանակության ապրանքների արտադրության համատեղ կազմակերպությունների հիմնում։ Նախատեսված է նաև ռազմաարդյունաբերության ոլորտում մասնագիտական կրթության վերապատրաստման ու որակավորման ծրագրերի իրականացում»,- նշել էր փոխնախարարը։
Ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը Հայաստանի և Հունաստանի պաշտպանության նախարարներ Սուրեն Պապիկյանն ու Նիկոս Դենդիասն ստորագրել էին 2023 թվականի դեկտեմբերի 14-ին՝ Աթենքում։ Դենդիասը մարտին հայտարարել էր Հայաստանի, Հունաստանի, Ֆրանսիայի և Հնդկաստանի միջև պաշտպանության ոլորտում քառակողմ համագործակցության մասին: