ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ քննարկել է երկու երկրների միջև պաշտպանության բնագավառում համագործակցությունը, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Գերատեսչության տվյալներով՝ կողմերը կարևորել են ռազմատեխնիկական համագործակցությունը, որի շուրջ ձեռք են բերվել նոր պայմանավորվածություններ:
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Հայաստանում պաշտպանության ոլորտում բարեփոխումների ընթացքը և այդ ուղղությամբ Ֆրանսիայի հետ համագործակցության շրջանակում իրականացվող աշխատանքները:
ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության և KNDS ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերության միջև կնքվել է ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր։
Պապիկյանն աշխատանքային այցով գտնվում է Ֆրանսիայում։ Նա մասնակցել է նաև EUROSATORY միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը, շրջել տաղավարներում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին, հանդիպումներ ունեցել ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ։
Փետրվարի վերջին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել էր Ֆրանսիա, որտեղ Հայաստանի վարչապետի հետ համատեղ ասուլիսին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վերահաստատել էր Հայաստանի հետ պաշտպանական ոլորտում համագործակցությունը զարգացնելու հանձնառությունը։ Մակրոնը հայտարարել էր, որ Փարիզն աջակցում է Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին: Փետրվարի 23-ին Երևան կատարած այցի շրջանակներում Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներ Սուրեն Պապիկյանը և Սեբաստիեն Լըկորնյուն ստորագրել էին մի շարք պայմանագրեր։