Երևանը և Փարիզը CAESAR թնդանոթների մատակարարման պայմանագիր են ստորագրել, X-ում գրել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըկորնյուն։
«Մենք շարունակում ենք ամրապնդել մեր պաշտպանական հարաբերությունները Հայաստանի հետ: CAESAR թնդանոթների ձեռքբերման պայմանագրի ստորագրումը կարևոր իրադարձություն էր»,- հայտնել է նախարարը։
Հունիսի 17-ին ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում Լըկորնյուի հետ քննարկել է երկու երկրների միջև պաշտպանության բնագավառում համագործակցությունը։ Այցի շրջանակում ՀՀ ՊՆ-ի և KNDS ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերության միջև կնքվել էր ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր։
2023 թվականի հոկտեմբերին Հայաստանն ու Ֆրանսիան ռազմական համագործակցության փաստաթղթեր էին ստորագրել և պաշտպանական համալիրների մատակարարման պայմանավորվածություն էին ձեռք բերել։ 2023-ի դեկտեմբերին Ֆրանսիայի Սենատի կոմիտեն երկրի իշխանություններին խորհուրդ էր տվել դիտարկել Հայաստանին CAESAR հրետանային կայանքների մատակարարման հարցը։ Հայտարարել էին նաև «Միստրալ» հրթիռների մատակարարման շուրջ բանակցություններ մասին։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 21-ին հայտարարել էր, որ Ֆրանսիայի հետ պաշտպանական համագործակցության շրջանակներում Հայաստանի խնդիրը տարածաշրջանում «ճիշտ բալանս» ձևավորելն է: 2024-ի փետրվարին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել էր, որ Ֆրանսիան Հայաստանում ռազմական խորհրդատու կունենա։