Հայաստանի պաշտպանության նախարարությունը նախատեսում է սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը պահեստազորայինների վարժական հավաքներ անցկացնել։ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (e-draft) ՊՆ-ն հրապարակել է որոշման նախագիծը։ Կառավարությունը դեռ պետք է հաստատի այն։
Որոշման նախագծի ընդունումը ՊՆ-ն պայմանավորել է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման վարժական հավաքների անցկացման անհրաժեշտությամբ:
Կառավարությունը 2024 թվականի ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը հայտարարել էր պահեստազորայինների համար նախատեսված վարժական հավաքներ։ Որոշումն ընդունվել էր կառավարության մարտի 14-ի նիստում։ Մարտի 14-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները 25-օրյա վարժական հավաքներից խուսափածների համար նախատեսված պատիժը խստացնելու օրենսդրական նախագիծ են քննարկել՝ 2 ամսից մինչև 2 տարի ժամկետով ազատազրկելու եղանակով։