Հայաստանն ընդլայնում է պաշտպանական գնումների իր ռազմավարությունը՝ ձգտելով Հնդկաստանից գնել ռազմական արտադրանքի ավելի լայն տեսականի, այդ թվում՝ ժամանակակից զենիթային և միջին հեռահարության հրթիռներ, տեղեկատվությունը հրապարակել է Indian Defense Research Wing (IDFW) պորտալը։
IDRW-ն գրել է, որ Հայաստանն արդեն ձեռք է բերել «Akash 1s» ՀՕՊ համակարգը և քննարկում է նոր համակարգեր ձեռք բերելու հարցը։
«Հնդկաստանը դեռ չի սկսել «Akash 1s» համակարգի մատակարարումը․ այն սպասվում է հաջորդ տարի։ Միևնույն ժամանակ՝ Հայաստանը քննարկում է Հնդկաստանի և Իսրայելի կողմից համատեղ մշակված MR-SAM միջին հեռահարության հրթիռների և «Akash-NG» միջին հեռահարության ՀՕՊ համակարգերի ձեռքբերման հնարավորությունը»,- հայտնել է պորտալը։
2022 թվականի սեպտեմբերի 29-ին Հնդկաստանը և Հայաստանը պայմանագիր էին կնքել հայկական կողմին շուրջ 244 միլիոն դոլարի զենք մատակարարելու մասին։ 2022թ․ նոյեմբերին հայտնի էր դարձել, որ Հայաստանը Հնդկաստանից պատվիրել է MArG 155 ինքնագնաց հաուբիցներ, ինչպես նաև հաղորդվել էր, որ օգոստոսին Հնդկաստանը Հայաստանին է մատակարարել 155 մմ տրամաչափի առաջին վեց հրետանային ATAGS համակարգերը։ 2023 թվականի դեկտեմբերին հայտնի էր դարձել, որ Հայաստանը բացի «Akash» միջին հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգից, Հնդկաստանից կգնի Bharat Dynamics ընկերության արտադրած 15 AAD համակարգ։