Հունիսի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդական, ռազմական գրասենյակի ղեկավար, բանակի գեներալ Ֆաբիեն Մանդոնի հետ, քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ընթացքին և հեռանկարային ծրագրերին առնչվող հարցեր, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
Ըստ հաղորդագրության՝ Պաշտպանության նախարարը ներկայացրել է ՀՀ ԶՈւ բարեփոխումների ընթացքը և այդ շրջանակում Ֆրանսիայի աջակցությունը: Քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցեր:
Հունիսի 17-ին Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում Փարիզի հետ նոր պայմանավորվածությունների մասին։ Պաշտպանության նախարարությունը համագործակցության պայմանագիր էր կնքել նաև ֆրանսիական KNDS ռազմարդյունաբերական ընկերության հետ։
Հունիսի 18-ին Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լըկորնյուն հայտնել էր ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանի հետ «CAESAR» թնդանոթների մատակարարման պայմանագիր ստորագրելու մասին: Նույն օրը Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Փարիզին մեղադրել էր Հարավային Կովկասում իրավիճակը սրելու փորձի մեջ։
2023 թվականի հոկտեմբերին Հայաստանն ու Ֆրանսիան ռազմական համագործակցության փաստաթղթեր էին ստորագրել և պաշտպանական համալիրների մատակարարման պայմանավորվածություն էին ձեռք բերել։ 2023-ի դեկտեմբերին Ֆրանսիայի Սենատի կոմիտեն երկրի իշխանություններին խորհուրդ էր տվել դիտարկել Հայաստանին CAESAR հրետանային կայանքների մատակարարման հարցը։ Հայտարարել էին նաև «Միստրալ» հրթիռների մատակարարման շուրջ բանակցություններ մասին։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 21-ին հայտարարել էր, որ Ֆրանսիայի հետ պաշտպանական համագործակցության շրջանակներում Հայաստանի խնդիրը տարածաշրջանում «ճիշտ բալանս» ձևավորելն է: 2024-ի փետրվարին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել էր, որ Ֆրանսիան Հայաստանում ռազմական խորհրդատու կունենա։