Ադրբեջանական կողմը 2 հայ զինծառայողի դիակ-մասունքներ է փոխանցել հայկական կողմին, հայտնել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։
«Հունիսի 21-ին ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել ենթադրաբար 2022 թվականի սեպտեմբերյան երկօրյա մարտական գործողությունների ժամանակ զոհված 2 հայ զինծառայողի դիակ-մասունքներ»,- տեղեկացրել է ԱԱԾ-ն։
2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերն Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ ագրեսիա էին սկսել Հայաստանի Հանրապետության նկատմամբ՝ գնդակոծելով Գորիսի, Սոթքի և Ջերմուկի դիրքերը: Պաշտոնական տվյալներով՝ 2022-ի երկօրյա մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմը 233 զոհ ունի։
2023 թվականի հոկտեբերի 27-ին Armenia Today-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը հայտնել էր, որ 2022 թվականի սեպտեմբերյան մարտերում Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված ագրեսիայի հետևանքով անհայտ է 2 զինծառայողի գտնվելու վայրը։ ՔԿ տվյալներով՝ 1992-2023 թվականներին Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ձեռնարկած ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորածների թիվը կազմում է 1016 մարդ։