Ադրբեջանի կողմից հունիսի 21-ին ՀՀ-ին փոխանցված՝ ենթադրաբար 2 հայ զինծառայողի մասունքների դատաբժշկական և դատագենետիկական նույնականացման փորձաքննությունն ավարտվել է, հայտնել են Հայաստանի քննչական կոմիտեից:
Գերատեսչությունից պարզաբանել են, որ խոսքը, ենթադրաբար, Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման ժամանակ զոհված զինծառայողների աճյունների մասին է։
«Փորձաքննության եզրակացություններն ստացվել են, որոնց արդյունքում՝ 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիվ պատերազմի հետևանքով գտնվելու վայրն անհայտ՝ ՀՀ ԶՈւ երկու զինծառայողի ինքնությունը պարզվել է»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Նույնականացված զինծառայողների անունները ՔԿ-ն չի հաղորդել, սակայն, ըստ «Ազատություն» ռադիոկայանի, 2022թ. սեպտեմբերյան մարտերում մինչև այժմ անհետ կորած էին համարվում 19-ամյա ժամկետային Թոռնիկ Սարգսյանն ու 33-ամյա պայմանագրային Շիրազ Խաչատրյանը։
2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով անհետ կորած անձ այլևս չկա:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հունիսի 21-ին հայտնել էր, որ ադրբեջանական կողմը 2 հայ զինծառայողի դիակ-մասունքներ է փոխանցել հայկական կողմին։ Նույն օրը ՔԿ-ն հայտնել էր, որ ադրբեջանական կողմից փոխանցված 2 հայ զինծառայողի մասունքների դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություններ են նշանակվել՝ անձանց ինքնությունը պարզելու նպատակով։
2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերն Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ ագրեսիա էին սկսել Հայաստանի Հանրապետության նկատմամբ՝ գնդակոծելով Գորիսի, Սոթքի և Ջերմուկի դիրքերը: Պաշտոնական տվյալներով՝ 2022-ի երկօրյա մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմը 233 զոհ ունի։
2023 թվականի հոկտեբերի 27-ին Armenia Today-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը հայտնել էր, որ 2022 թվականի սեպտեմբերյան մարտերում Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված ագրեսիայի հետևանքով անհայտ է 2 զինծառայողի գտնվելու վայրը։ ՔԿ տվյալներով՝ 1992-2023 թվականներին Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ձեռնարկած ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորածների թիվը կազմում է 1016 մարդ։