Եվրամիությունը 2024 թվականին Խաղաղության եվրոպական հիմնադրամից 10 մլն եվրո կհատկացնի Հայաստանին՝ հայկական բանակի համար մոդուլային դաշտային ճամբար ստեղծելու նպատակով, հայտնել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը՝ հղում անելով ԵՄ դիվանագիտական աղբյուրներին։ Հունգարիան վերացրել է այս օգնության արգելքը։
«Եվրամիության բոլոր երկրներն այժմ պատրաստ են համաձայնություն տալ, և ակնկալվում է, որ նախագիծը կհաստատվի միության անդամ երկրների դեսպանների կողմից հուլիսի 17-ին, իսկ այնուհետև ԱԳ նախարարների կողմից՝ հուլիսի 22-ին»,- ԵՄ դիվանագիտական ներկայացուցչին մեջբերում է հրատարակությունը։
Ապրիլի 4-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն ասել էր, որ Հայաստանը դիմել է Եվրամիությանը՝ Խաղաղության եվրոպական հիմնադրամի շահառուների ցուցակում ընդգրկվելու խնդրանքով։ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի խոսքով՝ Եվրամիությունը քննարկում է խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում ոչ մահաբեր զենքի մատակարարման միջոցով հայկական զինված ուժերին աջակցություն ցուցաբերելու հարցը։
Ապրիլին «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը տեղեկացել էր Հայաստանի զինված ուժերի համար մոդուլային դաշտային ճամբար ստեղծելու նպատակով 10 միլիոն եվրո հատկացնելու ԵՄ ծրագրերի մասին։ Ապրիլի 30-ին Հունգարիան արգելափակել էր Խաղաղության եվրոպական հիմնադրամի կողմից Հայաստանին օգնություն տրամադրելու նախագիծը և պահանջել, որ ծրագրում ներառվի նաև Ադրբեջանին տրամադրվող օգնությունը։