Տարիների ընթացքում Կանզասի Ազգային գվարդիան ամուր համագործակցային կապեր է հաստատել Հայաստանի Հանրապետության հետ, իսկ մեր հայ գործընկերների հետ համատեղ զորավարժությունների անցկացումը թույլ է տալիս մեծացնել վստահությունն ու բարեկամությունը մեր երկրների և մեր զինված ուժերում ծառայող կանանց և տղամարդկանց միջև, Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Մայքլ Վեներդիի խոսքերն է փոխանցում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։
ՀՀ ՊՆ-ից տեղեկացրել էին, որ հուլիսի 15-24-ը Հայաստանում մեկնարկում է «Արծիվ գործընկեր-24» զորավարժությունը։
ԱՄՆ դեսպանության փոխանցմամբ՝ «Արծիվ գործընկեր» զորավարժության շրջանակում հայկական և ամերիկյան կողմերը կզարգացնեն խաղաղապահ գործողություններ անցկացնելու իրենց կարողությունները՝ իրականացնելով կրակային և կայունության ապահովմանն ուղղված պատրաստության, զենքերի հետ ծանոթացման և հրաձգարանի ղեկավարման միջոցառումներ:
Այս վարժանքների իրականացումը թույլ կտա երկու պետությունների զինծառայողներին ծանոթանալ միմյանց գույքի և տեխնիկայի հետ:
«Արծիվ գործընկեր» զորավարժությունը նախատեսված է ամրապնդելու ԱՄՆ-ի և Հայաստանի երկարամյա համագործակցությունը՝ փոխգործելիության և պատրաստականության մեծացման միջոցով։ Կանզասի Ազգային գվարդիան արդյունավետ կերպով փոխգործակցում է Հայաստանի հետ 2003թ․-ից՝ ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի «Նահանգային գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում, նշում են գերատեսչությունից։