Հուլիսի 15-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժության մեկնարկը, հայտնել է ՊՆ-ն։
Ըստ հաղորդագրության՝ զորավարժության բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը և այլք։
Զորավարժությանը ներգրավված զինծառայողներին ողջույնի խոսք են հղել Պապիկյանն ու Քվինը։ Պապիկյանն, իր խոսքում, մասնավորապես նշել է, որ բարձր է գնահատում զորավարժության նախապատրաստական գործընթացին մասնակցած Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի, Կանզասի ազգային գվարդիայի, որը 2 տասնամյակից ավել հանդիսանում է Հայաստանի գործընկերը, ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի զինծառայողների, ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչների և ՀՀ ՊՆ անձնակազմի աշխատանքը զորավարժության արդյունավետ պլանավորման գործում:
«Բարձր եմ գնահատում միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում բարձրացնելուն ուղղված այս համագործակցությունը»,- ասել է Պապիկյանը։
Հուլիսի 6-ին հայտնել էինք, որ Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում հուլիսի 15-24-ը Հայաստանում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։