ՀՀ ՊՆ-ն հերքել է սոցցանցերում տարածված՝ Տավուշում զինվորական բեռնատարի և ուղևորատար միկրոավտոբուսի վթարի ու 6 վիրավորի վերաբերյալ տեղեկատվությունը:
«Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով որևէ զինծառայող չի հոսպիտալացվել»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
ՊՆ-ից հավելել են, որ մի շարք ԶԼՄ-ներ տվյալ տեղեկությունը շրջանառում են զինվորական վթարված մեքենաների լուսանկարներով և 6 վիրավորի մասին հայտնող վերնագրերով՝ փորձելով տպավորություն ստեղծել, թե զինծառայողներ են վիրավորում ստացել:
Ավելի վաղ լրագրող Ոսկան Սարգսյանը հայտնել էր, որ զինվորական բեռնատարը բախվել է երթուղային միկրոավտոբուսին, որի հետևանքով 6 մարդ է վիրավորվել։
ՀՀ ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ Տավուշի մարզի Բերդավան համայնքի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով 8 անձ դիմել է բժշկական կենտրոն, որոնք առաջին օգնություն ստանալուց հետո դուրս են գրվել։
Գերատեսչության տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել ժամը 13։35-ի սահմաններում, բախվել են «Կամազ» և «Գազել» մակնիշի մեքենաներ։
Հուլիսի 11-ին զորացրված զինծառայողների մասնակցությամբ վթար էր տեղի ունեցել Սյունիքի մարզում, որի հետևանքով երկու ուղևոր տեղում մահացել էր, 6-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։