Կոտայքի մարզում ՀՀ պաշտպանության նախարարությանը պատկանող ուսումնամարզական ինքնաթիռ է կործանվել, նախնական տվյալներով՝ կա 2 զոհ, Armenia Today-ը տեղեկացել է ՆԳՆ փրկարար ծառայության հաղորդագրությունից և ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանից։
«Հուլիսի 19-ին՝ ժամը 09։30-ին, ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի մոտակայքում՝ «Լճեր» կոչվող տարածքի մոտ, ինքնաթիռ է կործանվել։ Ըստ նախնական տվյալների՝ կործանվել է ԱՆ-2 ինքնաթիռը, կա 2 զոհ»,- հայտնել են ՆԳՆ-ից։
ՊՆ խոսնակն Armenia Today-ին հաստատել է, որ վթարված ինքնաթիռն ուսումնամարզական է, իսկ զոհվածներն օդաչուներն են։
«Հաստատում եմ, վթարված ինքնաթիռն ուսումնամարզական է. Պաշտպանության նախարարությունը ցավակցում է զոհված օդաչուների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- հավելել է Թորոսյանը։
Դեպքի վայրում փրկարարական աշխատանքները շարունակվում են, որը համակարգում է ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն, Ներքին գործերի նախարարի տեղակալի պարտականությունները ժամանակավոր կատարող, փ/ծ գնդապետ Եգոր Կարապետյանը, եզրափակել են ՆԳՆ-ից։