Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը մեկնաբանել է որոշումը, ըստ որի՝ ՀՀ ՊՆ-ում ամերիկյան բանակի ներկայացուցիչ է աշխատելու։ Դեսպանատնից Armenia Today-ին տեղեկացրել են, որ ներկայացուցիչը քաղաքացիական խորհրդատուի կարգավիճակ է ունենալու։
«Քաղաքացիական խորհրդատուն աջակցելու է Հայաստանի պաշտպանական հաստատությունների ամրապնդման հարցում»,- ասված է դեսպանատան նամակում՝ ի պատասխան հարցին, թե ի՞նչ լիազորություններ, աշխատանքային ի՞նչ պարտականություններ է ունենալու ամերիկյան բանակի ներկայացուցիչը ՀՀ ՊՆ-ում։
Քաղաքացիական խորհրդատուն չի ֆինանսավորվում ԱՄՆ բանակի կամ Պաշտպանության դեպարտամենտի կողմից, ֆինանսավորումն ապահովվում է Պետքարտուղարության կողմից, ընդգծել են դեսպանատնից՝ ի պատասխան հարցին՝ ներկայացուցչի աշխատավարձը ՀՀ պաշտպանության նախարարությա՞ն, թե՞ ամերիկյան բանակի բյուջեից է վճարվելու։
«Այս խորհրդատվական աջակցությունը ֆինանսավորվում է ԱՄՆ պետքարտուղարության կողմից»,- ասել են դեսպանատնից։
Հարցին՝ աշխատանքի անցնելու ժամկետներ արդեն սահմանվե՞լ են, ներկայացուցիչն արդեն ընտրվե՞լ է, դեսպանատնից անուն և աշխատանքի անցնելու հստակ ժամկետներ չեն նշել։
«Քաղաքացիական խորհրդատուի ընտրությունը կատարված է, և այս տարի ավելի ուշ նա աշխատանքի կանցնի»,- հավելել են դեսպանատնից։
Դեսպանատան պատասխանում նշվում է նաև, որ քաղաքացիական խորհրդատուն ՀՀ ՊՆ-ում կաշխատի ԱՄՆ պետքարտուղարության Գլոբալ պաշտպանական բարեփոխումների ծրագրի շրջանակում։
«ԱՄՆ պետքարտուղարության Գլոբալ պաշտպանական բարեփոխումների ծրագիրն աշխարհով մեկ աջակցում է գործընկեր պետություններին առավել դիմակայուն, արդյունավետ ու հաշվետու անվտանգային հաստատությունների ձևավորման հարցում՝ ապահովելով ռազմավարական մակարդակի խորհրդատվական աջակցություն»,- հստակեցրել են դեսպանատնից։
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան հուլիսի 18-ին «Հետք»-ին հաստատել էր տեղեկությունը, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունում ամերիկյան բանակի ներկայացուցիչ է աշխատելու։
Աննա Բադալյան