Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը վերահաստատել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի, այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու իր առաջարկությունը, հայտարարել են ՀՀ կառավարությունում։
Գործադիրում այսպես են արձագանքել վերջին օրերին Ադրբեջանի ՊՆ-ի այն հրապարակումներին, ըստ որոնց, իբր, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին ՀՀ զինված ուժերը խախտել են հրադադարի ռեժիմը։
«Չնայած ՀՀ ՊՆ-ն հերքել է հրադադարի խախտման մասին տեղեկատվությունը, ադրբեջանական աղբյուրները շարունակում են նմանատիպ հրապարակումները՝ համեմելով աշխարհաքաղաքական բնույթի շեշտադրումներով: ՀՀ վարչապետի աշխատակազմը վերահաստատում է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու իր առաջարկությունը: Վերահաստատում ենք ՀՀ կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին՝ արդեն իսկ ձեռքբերված հրապարակային պայմանավորվածությունների շրջանակներում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հուլիսի 21-ին ՀՀ ՊՆ-ն հերքել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե, իբր, հուլիսի 20-ին՝ ժամը 22։10-ին, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Հունիսի 15-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Ադրբեջանին առաջարկել է ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ։