Հայաստանի կողմից Հնդկաստանից սպառազինության գնումների ծավալը հասել է 600 մլն դոլարի, հայտնել է IADN լրատվական գործակալությունը։
«Հայաստանի կողմից սպառազինության գնումների ընդհանուր ծավալը 2024-2025 ֆինանսական տարվա սկզբին 600 մլն դոլարի է հասել»,- ասված է հրապարակման մեջ։
2022 թվականի սեպտեմբերին Հայաստանը Հնդկաստանի հետ 244 միլիոն դոլարի զենք գնելու պայմանագիր էր կնքել։ Հնդկաստանը 155 մմ տրամաչափի ATAGS հրետանային առաջին վեց համակարգերը Հայաստանին էր մատակարարել 2023 թվականի օգոստոսին։
Հնդկական պաշտպանական հետազոտական թևը 2023 թվականի դեկտեմբերին հայտարարել էր, որ Երևանը մտադիր է գնել 15 AAD համակարգեր Հնդկաստանից Bharat Dynamics արտադրող ընկերությունից:
2024-ի փետրվարի 2-ին ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը Հնդկաստանը և Ֆրանսիան անվանել էր Հայաստանի հիմնական գործընկերներից մեկը զենքի մատակարարման ոլորտում։ The Economic Times-ը ապրիլին գրել էր Հայաստանում ռազմական կցորդ նշանակելու Հնդկաստանի ծրագրերի մասին: