Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, հայտարարել է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Գերատեսչությունը «կեղծիք և ապատեղեկատվություն» է անվանել այս մասին մամուլում տարածվող տեղեկությունը։
ՊՆ-ն ԶԼՄ-երին հորդորել է հետևել պաշտոնական տեղեկատվությանը, «չճշտված, սուտ և կեղծ լուրեր չշրջանառել, նմանօրինակ դեպքերում ճշտումներ կատարել պաշտպանական գերատեսչության համապատասխան ստորաբաժանման հետ»:
«Վերջին օրերին նաև նկատվում է այլ երկրների հատուկ ծառայությունների կողմից օտարալեզու լրատվամիջոցներում Հայաստանի զինված ուժերի գործունեության տարբեր ոլորտներին առնչվող ուղղորդված, ապատեղեկատվություն հանդիսացող հրապարակումների աճի միտում, ինչի կապակցությամբ հանրությանը և ԶԼՄ գործընկերներին հորդորում ենք լինել զգոն ու հետևել պաշտոնական տեղեկատվությանը»,- հավելել են ՊՆ-ից:
Ավելի վաղ Facebook-յան օգտատեր Րաֆֆի Ասլանյանը գրել էր, որ Երասխի հատվածում՝ Արարատի զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական հենակետերից մեկը, որը ռազմավարական մեծ նշանակություն ունի, հանձնվել է Ադրբեջանին։