Նովոսիբիրսկում օգոստոսի 14-16-ը կանցկացվեն ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակության «Կոբալտ-2024» զորավարժությունները, որին Հայաստանը չի մասնակցի հաղորդում է Ռոսգվարդիայի մամուլի ծառայությունը։
Հայաստանը ներառված չէ զորավարժությունների մասնակից երկրների ցանկում։
Միջոցառմանը կմասնակցեն Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի ներկայացուցիչները, ասվում է հաղորդագրության մեջ:
«Զորավարժությունների ընթացքում ՀԱՊԿ ուժերի ստորաբաժանումները ձեռք կբերեն անօրինական զինված կազմավորումների որոնման, հայտնաբերման և ոչնչացման համատեղ գործողությունների գործնական հմտություններ: Ավիացիայի և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ հատուկջոկատայինները կմշակեն շենքի և տրանսպորտային միջոցի գրոհը, պատանդների ազատումը և զինյալների չեզոքացումը՝ հաշվի առնելով ձեռք բերված մարտական փորձը»,- հավելել են ծառայությունում։
Փետրվարի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Իր հերթին՝ ՀԱՊԿ-ը հայտարարել էր, որ կազմակերպությունը Հայաստանից պաշտոնական հաղորդագրություն չի ստացել իր մասնակցությունը կասեցնելու մասին։
Փաշինյանը հունիսի 13-ին ԱԺ-ում 2023 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարել էր, որ «Երևանի հաջորդ տրամաբանական քայլը» լինելու է ՀԱՊԿ-ից դուրս գալը: Փաշինյանը կազմակերպության նկատմամբ վերաբերմունքը փոխելու պայման էր համարել ՀԱՊԿ-ից Բելառուսի հեռանալը, ինչպես նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ներողությունը հայ ժողովրդին՝ 2020 թվականի պատերազմի ընթացքում Բաքվին սատարելու խոսքերի համար: