Հայաստանը չի նախատեսում մասնակցել սեպտեմբերին Ղրղզստանում անցկացվելիք ՀԱՊԿ զորավարժություններին, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։
Սեպտեմբերի 3-15-ը Ղրղզստանում կանցկացվեն «Փոխգործակցություն-2024» հրամանատարաշտաբային զորավարժություններ «Որոնում-2024» հետախուզական ուժերի հետ, ինչպես նաև «Էշելոն-2024» նյութատեխնիկական ապահովման զորավարժություններ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանը չի մասնակցի օգոստոսի 14-16-ը Նովոսիբիրսկում անցկացվելիք ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակության «Կոբալտ-2024» զորավարժություններին։
Փետրվարի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Իր հերթին՝ ՀԱՊԿ-ը հայտարարել էր, որ կազմակերպությունը Հայաստանից պաշտոնական հաղորդագրություն չի ստացել իր մասնակցությունը կասեցնելու մասին։
Փաշինյանը հունիսի 13-ին ԱԺ-ում 2023 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարել էր, որ «Երևանի հաջորդ տրամաբանական քայլը» լինելու է ՀԱՊԿ-ից դուրս գալը: Փաշինյանը կազմակերպության նկատմամբ վերաբերմունքը փոխելու պայման էր համարել ՀԱՊԿ-ից Բելառուսի հեռանալը, ինչպես նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ներողությունը հայ ժողովրդին՝ 2020 թվականի պատերազմի ընթացքում Բաքվին սատարելու խոսքերի համար: