Հնդկաստանը հայտարարել է մինչև 2024 թվականի վերջը Հայաստանին Akash-1S զենիթահրթիռային համակարգեր մատակարարելու մասին, հայտնում է Indian Defense Research Wing-ը։
«Սա երկրի պաշտպանական արտահանման համար կարևոր հանգրվան է, քանի որ Հայաստանը դառնում է այս առաջադեմ հրթիռային համակարգի առաջին միջազգային գնորդը»,- նշում է պորտալը։
Akash-ը կարճ հեռահարության շարժական հրթիռային համակարգ է, որն արտադրվում է Bharat Dynamics Limited (BDL) ընկերության կողմից: Համալիրը կարող է միաժամանակ մի քանի թիրախներ խոցել (թշնամու հրթիռներ, ինչպես նաև ուղղաթիռներ, կործանիչներ և անօդաչու սարքեր 4-25 կմ շառավղով):
Հնդկաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ 2024-25թթ․ ֆինանսական տարվա սկզբին Հնդկաստանից Հայաստանի սպառազինության ընդհանուր ներմուծումը հասել է 600 միլիոն դոլարի։
2022 թվականի սեպտեմբերին Հայաստանը Հնդկաստանի հետ 244 միլիոն դոլարի զենք գնելու պայմանագիր էր կնքել։ Հնդկաստանը 155 մմ տրամաչափի ATAGS հրետանային առաջին վեց համակարգերը Հայաստանին էր մատակարարել 2023 թվականի օգոստոսին։
Հնդկական պաշտպանական հետազոտական թևը 2023 թվականի դեկտեմբերին հայտարարել էր, որ Երևանը մտադիր է գնել 15 AAD համակարգեր Հնդկաստանից Bharat Dynamics արտադրող ընկերությունից:
2024-ի փետրվարի 2-ին ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը Հնդկաստանը և Ֆրանսիան անվանել էր Հայաստանի հիմնական գործընկերներից մեկը զենքի մատակարարման ոլորտում։ The Economic Times-ը ապրիլին գրել էր Հայաստանում ռազմական կցորդ նշանակելու Հնդկաստանի ծրագրերի մասին: