ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը գրեթե 3 տարի կալանքի տակ գտնվելուց և օգոստոսի 15-ին 15 մլն դրամի դիմաց ազատ արձակվելուց հետո առաջին անգամ խոսել է լրագրողների հետ՝ հայտարարելով, որ քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն դեռևս չունի։
«Քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն դեռևս չունեմ»,- իր գործով դատական նիստից առաջ նշել է Տոնոյանը։
Նա «անլուրջ» է անվանել ընդդիմությանն իր հնարավոր աջակցությունը։
«Ես այդքան անլուրջ անձնավորության տպավորությո՞ւն եմ ստեղծում։ Խոսքը ցույցերին մասնակցել, չմասնակցելու և այլնի մասին չէ։ Պարզապես դեռ քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն չունեմ»։
Նախկին նախարարը մատնանշել է անվտանգության ոլորտում առկա խնդիրները։
«Անվտանգության ապահովման հետ կապված լուրջ խնդիր ունենք, որոնք լուծման կարիք ունեն։ Թե՛ իշխանությանը, թե՛ ընդդիմությանն եմ ասում՝ կարող եմ մասնակից դառնալ խնդիրների լուծմանը, բայց ոչ քաղաքական նպատակներով»,- հավելել է նա։
Խոսելով իրենց առաջադրված «անպիտան հրթիռներ» ձեռք բերելու մեղադրանքի մասին՝ Տոնոյանը շեշտել է, որ իր պաշտոնավարման ժամանակ նման հրթիռներ չեն գնել։
«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ հրթիռները կիրառման համար պիտանի էին։ Հուսով եմ՝ նոր փորձաքննություն կնշանակվի»,- ընդգծել է նա։
Տոնոյանը 2018թ․ մայիսից մինչև 2020թ․ նոյեմբերի 20-ն զբաղեցրել էր ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը: Պաշտպանության նախկին նախարարին ձերբակալել էին 2021թ․ սեպտեմբերին: ԱԱԾ-ում քրեական գործ էր հարուցվել ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների, մասնավորապես՝ անորակ, անպիտան հրթիռներ ձեռք բերելու, 2 մլրդ 277 մլն 323 հազ․ 840 դրամ գումար հափշտակելու, կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։ Քրեական գործի շրջանակներում, ընդհանուր առմամբ, մեղադրանք էր առաջադրվել 7 անձի, որոնց թվում էր նաև Տոնոյանը։
2024-ի օգոստոսի 15-ին Տոնոյանը 15 մլն դրամի դիմաց ազատ էր արձակվել կալանքից։
Մանրամասները՝ տեսանյութերում։