Դատախազությունը կարճել է գնդապետ Վահան Յայլոյանի նկատմամբ քրեական գործը, ով մեղադրվում էր 44-օրյա պատերազմի ժամանակ գնդի հրամանատարի պարտականությունները կատարելուց հրաժարվելու մեջ, գրում է 168.am-ը։
Տեղեկությունը ԶԼՄ-ին հաստատել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։ Նրա խոսքով՝ դատախազը որոշել է քրեական հետապնդումը դադարեցնել՝ մեղադրյալի արդարացման հիման վրա։
Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ մամուլում ժամանակ առ ժամանակ տեղեկություններ են շրջանառվում Վահան Յայլոյանի՝ ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանի հետ մտերիմ հարաբերությունների, ըստ էության, իշխանության բարեհաճությունը վայելելու մասին:
Յայլոյանին առաջադրված մեղադրանքի մասին հայտնի էր դարձել 2022 թվականի հունվարին։ Ըստ Քննչական կոմիտեի՝ Արցախի ՊԲ գնդապետը 2020 թվականի հոկտեմբերի 10-13-ն ընկած ժամանակահատվածում հրաժարվել է առանձին գնդի հրամանատարի պաշտոնից։ Նրան մեղադրանք էր առաջադրվել ռազմական դրության կամ մարտական իրավիճակում զինծառայությունից հրաժարվելու և ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար։