ՀՀ դրոշն աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում բարձր պահած, հայրենիք մեդալներով վերադարձած 10 մարզիկ համալրել են ՀՀ ԶՈւ շարքերը՝ պարտադիր ժամկետային ծառայության անցնելով մարզական վաշտում, հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Բանակ զորակչված մարզիկների թվում են աշխարհի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ Վազգեն Թևանյանը և Արման Անդրեասյանը, ինչպես նաև Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանը։
Հայկական եռագույնը միշտ բարձր պահած մարզիկներին ծափերով են դիմավորել ՀՀ ԶՈւ-ում։
2024-ի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ամոյանը հպարտությամբ ընդգծել է՝ իր համար աշխարհի պատվո հարթակներում Հայաստանի անունը հնչեցնելը բարձրագույն պատիվ է։
«Հիմնը, Հայաստանի դրոշը բարձրացնելն իսկապես շատ մեծ ու անբացատրելի զգացողություն է։ Միայն հայրենիք վերադառնալուց ես հասկանում, որ ժողովրդի շնորհավորանքներին արժանանալուց թանկ ոչինչ չկա»,- ասել է Ամոյանը։
Ըմբշամարտի Եվրոպայի 2024 թվականի չեմպիոն Արման Անդրեասյանը նշել է, որ ուրախ է ծառայության անցնելու համար։
«Ուրախ եմ, որ գնում եմ ծառայության։ Պետք է այնպես անենք, որ բանակը միշտ հզոր լինի»,- ընդգծել է Անդրեասյանը։
Եվրոպայի չեմպիոն Թևանյանն էլ շեշտել է, որ պատրաստ են լինել զինվոր ընկերների կողքին։
«Ամեն պահի պատրաստ ենք լինել ինչպես առաջնագծում, այնպես էլ նրանց թիկունքին։ Պետք է իմանան, որ կան ուժեղ ու հայրենասեր մարդիկ, ովքեր միշտ նրանց կողքին են ու աղոթում են իրենց համար»,- հավելել է չեմպիոնը։
Եվրոպայի քառակի չեմպիոն Հարությունյանի խոսքով՝ պետք է առաջատար լինել թե՛ սահմանին, թե՛ գորգում։
«Յուրաքանչյուրս պետք է առաջատար լինենք մեր տեղում, որ կարողանանք Հայաստանի անունը բարձրացնել բոլոր տեղերում։ Իմ հայրը հայկական բանակի առաջին զինվորներից էր՝ «Հայդուկ» ջողատի հրամանատարը․ ես պատերազմին մասնակցել եմ նրա հետ։ Եթե գալիս է համախմբվելու ժամանակը, ուրեմն պետք է համախմբվել ու պահել մեր երկիրը»,- ասել է նա։
Նոյեմբերի 18-24-ը Հայաստանը հյուրընկալելու է զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։