ՀՀ պաշտպանության նախարարությունն Armenia Today-ի հարցմանն ի պատասխան մեկնաբանել է աշխարհազորայինների 180 հազար դրամ աշխատավարձը 60 հազար դրամով կրճատելու մասին լուրը։
Օգոստոսի 12-ին լրագրող Ոսկան Սարգսյանը գրել էր, որ «ՊՆ-ն աշխարհազորայինների 180 հազար դրամ աշխատավարձը 60 հազար դրամով կրճատել է»։
Գերատեսչությունը մեր հարցմանն ի պատասխան մեջբերել է Պաշտպանության մասին ՀՀ օրենքը։
«Համաձայն Պաշտպանության մասին ՀՀ օրենքի 29․1 հոդվածի 13-րդ կետի պահանջների՝ աշխարհազորայինների դրամական ապահովությունը հաշվարկվում է նրանց պատրաստության և կիրառման ժամանակահատվածի համար՝ ըստ նշանակված զինվորական պաշտոնների պայմանագրային զինծառայողների համար օրենքով սահմանված չափով»,- ասված է ՊՆ-ի պատասխան նամակում։
2023 թվականի փետրվարին ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել էր, որ մարտական հերթապահություն իրականացնող շարքային պայմանագրային զինծառայողի աշխատավարձը 210 հազար դրամ է, ատեստավորումը հաջողությամբ անցնելու դեպքում այն կարող է հասնել 420 հազար դրամի։