2024 թվականի ամառային զորակոչի վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը 145 գրավոր և բանավոր բողոք է ստացել․ ցուցանիշը նախորդ զորակոչերի համեմատ երկու և ավելի անգամ աճել է, հայտնել են ՄԻՊ-ից։
«Զորակոչին վերաբերելի հարցերով բողոքների դիմելիության ցուցանիշն էականորեն աճել է: Համեմատական պատկերը ցույց է տալիս, որ, օրինակ, նախորդ զորակոչերին ստացվել է 72, 64, 69 դիմում: Այդ ցուցանիշը երկու և ավելի անգամ աճել է 2024 թվականի ամառային զորակոչին՝ դառնալով 145: Նշված ցուցանիշներին զուգահեռ՝ ավելացել է նաև անհատական գործերով աշխատանքի արդյունավետությունն ու դրական գործերի քանակը»,- մանրամասնել են ՄԻՊ-ից։
Գերատեսչությունից տեղեկացրել են, որ բողոքների մեծ մասը վերաբերել է բժշկական հանձնաժողովների եզրակացությունների հետ անհամաձայնություններին, կրկնակի և ստուգիչ հետազոտություններ անցնելուն, տարկետումներին, զինկոմիսարիատից կամ բժշկական հաստատություններից զորակոչիկների առողջական վիճակին վերաբերելի փաստաթղթեր ստանալուն, փորձաքննություններին:
«Բարձրացված մյուս հարցերը վերաբերել են ընտանեկան պայմանների հիմքով տարկետում ստանալուն, եղբայրների` միևնույն զորամասում ծառայելուն, «Պատիվ ունեմ» ծրագրով ծառայություն անցնելուն, ծառայության վայրեր նշանակելու վիճակահանությանը և այլ հարցերին: Աշխատակազմում գրավոր ընթացակարգով քննարկվել է 51 բողոք, 18-ի դեպքում իրականացվել է արագ արձագանքում, ևս 76 քաղաքացու հարցի լուծմանը ՄԻՊ-ն աջակցել է խորհրդատվության միջոցով»,- հավելել են ՄԻՊ-ից։
Բողոքների քննարկման շրջանակում պարզաբանումների պահանջով և կոնկրետ առաջարկություններով ՄԻՊ-ը գրություններ է հասցեագրել ՀՀ պաշտպանության նախարարությանը, քննարկումներ է ունեցել նաև առողջապահական կազմակերպությունների հետ։
«Կրկնակի կամ ստուգիչ բժշկական հետազոտություններ անցնելու նպատակով զորակոչիկներին տրամադրվել են ուղեգրեր, զորակոչիկները կրկին ներկայացվել են Կենտրոնական բժշկական հանձնաժողովի փորձաքննությանը, ստացել են իրենց առողջական վիճակին վերաբերելի բժշկական փաստաթղթերը։ Զորակոչիկներին տրվել են տարկետումներ կամ առողջական վիճակի պատճառով նրանք ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից կամ ճանաչվել են սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար»,- եզրափակել են ՄԻՊ-ում։