ՀՀ քննչական կոմիտեն բացահայտել է 19 տարի առաջ՝ 2005թ. ապրիլին տեղի ունեցած զինծառայող Նաիրի Իսախանյանի սպանության դեպքը, հայտնում են ՔԿ-ից։
Փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2005թ․ մարտի 29-ին ՀՀ ՊՆ N զորամասում հրաձգային գումարտակի պարտադիր ժամկետային զինծառայողների մասնակցությամբ տեղի է ունեցել վիճաբանություն։
«Վիճաբանությունից հետո ժամկետային զինծառայող Վ․Ա․-ն, տեղեկացված լինելով նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Իսախանյանի և ՀՀ ՊՆ ՌՈ Գորիսի բաժանմունքի աշխատակցի ազգակցական կապի մասին, անհիմն ենթադրել է, որ Իսախանյանն իր ազգականի միջոցով տվյալներ է տրամադրում իրավապահ մարմիններին և մեղադրել է վերջինիս ՌՈ-ին ինֆորմացիա հայտնելու մեջ»,- տեղեկացնում է կոմիտեն:
Գերատեսչությունից հայտնում են, որ 2005թ․ ապրիլի 10-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Վ.Ա․-ն ականատես է եղել շարահրապարակի մոտակայքում Իսախանյանի և ՌՈ վերոնշյալ աշխատակցի խոսակցությանը: Նույն օրը Վ․Ա․-ն Իսախանյանին անվանել է «մատնիչ»։ Վերջինս հակադարձել է նրան, հիմնավորում պահանջել՝ նշելով, որ վերակարգի ծառայությունն ավարտելուց հետո այցելելու է նրան և խոսելու է այդ հարցի շուրջ։
ՔԿ տվյալներով՝ ավելի ուշ Վ․ Ա․-ն, համածառայակցին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգով կրակել է նրա ուղղությամբ ու զրկել կյանքից։
Վ․Ա․-ին վերջնական մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետին (խուլիգանական դրդումներով սպանություն, առավելագույն պատիժը՝ ցմահ ազատազրկում)։