Հայաստանի և Ֆրանսիայի ԶՈւ-երի միջև կուրսանտների փոխանակման և ուսումնական ծրագրերի արդիականացման պայմանավորվածություններ է ձեռք բերվել, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Գերատեսչությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 9-13-ը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պատվիրակությունն ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանի գլխավորությամբ այցելել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարություն և Սեն-Սիրի ռազմական ակադեմիա:
«Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպել է Ֆրանսիայի ԶՈւ նախարարության արտաքին կապերի և ռազմավարության վարչության ներկայացուցիչների, Սեն-Սիրի ռազմական ակադեմիայի պետ, գեներալ Էմանուել Շարփիի և Սեն-Սիրի վարժարանի ղեկավարության հետ:
Պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա համագործակցության ընդլայնման, կուրսանտների փոխանակման և ուսումնական ծրագրերի արդիականացման վերաբերյալ»,- ասված է հրապարակման մեջ։
Հունիսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ռազմատեխնիկական համագործակցության շուրջ Փարիզի հետ նոր պայմանավորվածությունների մասին։ Հունիսի 18-ին Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստյան Լըկորնյուն հայտարարել էր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ Հայաստան CAESAR թնդանոթների մատակարարման պայմանագիր կնքելու մասին։