Սյունիքի մարզի զորամասերից մեկում զենքի լիցքավորման ժամանակ զինծառայողի կողմից արձակված անզգույշ կրակոցից վիրավորվել է ծառայակիցը, հայտնում է Քննչական կոմիտեն։
Ըստ ՔԿ-ի՝ ՀՀ ՊՆ N զորամասում ժամկետային զինծառայողի կողմից հրազենային վնասվածք ստանալու վերաբերյալ հաղորդումն ստացվել է սեպտեմբերի 15-ին։
«Ժամը 18:45-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներից մեկը զենքի լիցքավորման ժամանակ անզգուշաբար ինքնաձիգից արձակել է մեկ կրակոց, ինչի հետևանքով մեկ այլ պարտադիր ժամկետային զինծառայող գլխի հետնամասի շրջանում ստացել է հրազենային վիրավորում և տեղափոխվել հոսպիտալ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ՔԿ-ն հավելում է, որ զինծառայողը վիրահատվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդված 2-րդ մասի 1-ին կետի (Զենքի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ մարդու առողջությանը ծանր վնաս է պատճառել, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
ՔԿ-ն հերքել է նաև զանգվածային լրատվության առանձին միջոցներում հրապարակված տեղեկատվությունն այն մասին, որ մարտական դիրքում ժամկետային երկու զինծառայող կրակել են միմյանց վրա։