Առաջիկայում Կիպրոսի հետ կյանքի ենք կոչելու պաշտպանության ոլորտի չօգտագործված ներուժը, հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասի հետ համատեղ հայտարարության ժամանակ։
«Պաշտպանության ոլորտում Հայաստանի և Կիպրոսի համագործակցությունը բարձր մակարդակ վրա է գտնվում և վերջին տարիներին դինամիկ զարգանում է։ Հայ-կիպրական համագործակցությունն ուղղված է երկու երկրների պաշտպանական կարողությունների զարգացմանը, անվտանգությանը, ինքնիշխանությանը, տարածաշրջանային ու միջազգային կայունության ամրապնդմանը»,- շեշտել է Պապիկյանը։
Նա կարևորել է Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցությունը։
«Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցությունն ուղղված է մեր երկրների համատեղ նպատակների իրականացմանը, մարտահրավերներին դիմակայելու պատրաստակամությանը»,- հավելել է Պապիկյանը։
Հայաստանի Ազգային ժողովը հունիսի 12-ի նիստում վավերացրել էր Հունաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման մասին համաձայնագիրը, որը Պապիկյանը և Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասն ստորագրել էին 2023 թվականի դեկտեմբերի 14-ին՝ Աթենքում։
Մանրամասերը՝ տեսանյութում։