Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասը հայտարարել է, որ Կիպրոսը սատարում է Հայաստանի սահմանների անձեռմխելիությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությունը։ Նա այդ մասին ասել է Երևան կատարած այցի շրջանակում՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ։
Պալմասը շեշտել է Հայաստանի հետ պաշտպանական ոլորտում համագործակցության զարգացման և փոխգործակցության խորացման ներուժի մասին։
«Մեր համագործակցությունը ներառում է ընդհանուր զորավարժություններ, վարժանքներ, ինչպես նաև պաշտպանական գնումներ։ Մեր զինված ուժերի փոխգործակցությունն այս ձևաչափի շնորհիվ է՛լ ավելի է ամրապնդվել, զարգացել է փոխադարձ հարգանքն ու ըմբռնումը։ Անշուշտ, համագործակցությունն է՛լ ավելի ամրապնդելու ներուժ կա, որի օրինակը համատեղ զորավարժությունների ձևաչափն ընդլայնելու հնարավորությունն է»,- նշել է նա։
Կիպրոսի նախարարը խոսել է տարածաշրջանային մարտահրավերներից՝ ընդգծելով, որ իր երկիրը հաստատակամ է տարածաշրջանում խաղաղ կարգավորմանն աջակցելու հարցում։
«Կիպրոսը հանձնառու է ամրապնդել խաղաղությունը և կայունությունը տարածաշրջանում։ Ինչ վերաբերում է Կիպրոսի հիմնախնդրին, ուզում եմ նշել, որ վերջին տարիներին Թուրքիան ռևիզիոնիստական քաղաքականություն է վարում և ունի հարձակողական հռետորաբանություն, սպառնում է Կիպրոսի անվտանգությանն ու կայունությանը»,- ասել է նախարարը։
2024-ի մարտին Կիպրոսի արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսը հայտնել էր, որ Կիպրոսն Արցախից բռնի տեղահանվածների համար 10 ջերմոց կառուցելու աջակցության ծրագիր է մեկնարկում։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը տեղեկացրել էր, որ Հայաստանը մոտ ժամանակներս Կիպրոսում դիվանագիտական ներկայացուցչություն կբացի։
Մանրամասնեը՝ տեսանյութում։