ՀՀ ՊՆ հերքել է սահմանագոտու հարավարևմտյան հատվածում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու մասին Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 26-ին՝ ժամը 16:10-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- ասվում է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունը հիշեցրել է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը հունիսի 15-ին առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի խոսքով՝ Երևանն առաջարկի վերաբերյալ Բաքվից դեռ պատասխան չի ստացել։