Հայաստանն ունի սեփական արտադրության հինգերորդ սերնդի զենք, ԱԺ նիստում հայտարարել է «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը։
«Ունենք հայկական արտադրության զինատեսակներ։ Ունենք սերիական արտադրության զինատեսակներ, ունենք անգամ հինգերորդ սերնդի սերիական արտադրության զինատեսակներ»,- նշել է պատգամավորը։
Նա ընդգծել է, որ ռազմական արդյունաբերությունը ՀՀ-ում «սրընթաց դառնում է տնտեսության, գիտության և անվտանգության կարևորագույն ոլորտներից մեկը»։
Ըստ Խաչատրյանի՝ 2022 թվականի համեմատ այս ոլորտում ցուցանիշները մի քանի տասնյակ անգամ ավելացել են՝ կոնկրետ թվեր նա չի հայտնել։
«Սա արտահայտվում է նաև ֆինանսական ռեսուրսների ուղղմամբ դեպի այս ոլորտ և այս ոլորտը վերջին ժամանակահատվածում շատ լուրջ թափ է ստացել և զարգանում է։ Մենք ունենք հիանալի տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներ, ունենք շատ լավ մենեջերներ, ինժեներներ, հայրենանվեր ներդրողներ, որոնք իրենց հսկայական ռեսուրսներն ներդնում են այս ուղղությամբ, իհարկե, նաև շահ ստանալու նպատակով։ Ռազմարդյունաբերությունը ՀՀ-ում մեծ թափով զարգանում է, անկախ նրանից, թե դրա պատճառով ովքեր վատ կզգան կամ հակառակը»,- եզրափակել է Խաչատրյանը։
Սեպտեմբերի 18-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ ՀՀ կառավարությունը նպատակ ունի ռազմատեխնիկական արտադրության շուրջ 25-30 տոկոսը լինի Հայաստանի ներսում, այսինքն՝ ռազմադյունաբերությունն սպասարկի ՀՀ կարիքը։
Օգոստոսի 8-ին Հնդկաստանը հայտարարել էր մինչև 2024 թվականի վերջը Հայաստանին Akash-1S զենիթահրթիռային համակարգեր մատակարարելու մասին։ Հնդկաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ 2024-25թթ․ ֆինանսական տարվա սկզբին Հնդկաստանից Հայաստանի սպառազինության ընդհանուր ներմուծումը հասել է 600 միլիոն դոլարի։
2024-ի փետրվարի 2-ին ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը զենքի մատակարարման ոլորտում Հնդկաստանը և Ֆրանսիան անվանել էր Հայաստանի հիմնական գործընկերներից մեկը։ The Economic Times-ն ապրիլին գրել էր Հայաստանում ռազմական կցորդ նշանակելու Հնդկաստանի ծրագրերի մասին:
2022 թվականի սեպտեմբերին Հայաստանը Հնդկաստանի հետ 244 միլիոն դոլարի զենք գնելու պայմանագիր էր կնքել։ Հնդկաստանը 155 մմ տրամաչափի ATAGS հրետանային առաջին վեց համակարգերը Հայաստանին էր մատակարարել 2023 թվականի օգոստոսին։
Հնդկական պաշտպանական հետազոտական թևը 2023 թվականի դեկտեմբերին հայտարարել էր, որ Երևանը մտադիր է գնել 15 AAD համակարգեր Հնդկաստանից՝ Bharat Dynamics արտադրող ընկերությունից: