ՀՀ ԶՈւ-ն ավարտել է 2023 թվականին Հնդկաստանի կողմից մատակարարված վեց միավոր 155 մմ/52 տրամաչափի հրետանային համակարգի (ATAGS) փորձարկումները, հայտնում է IDRW (Indian Defence Research Wing) հարթակը` հղում անելով հայկական աղբյուրներին։
Նշվում է, որ զենքերն անցել են երկրի տարբեր վայրերում անցկացված բոլոր օպերատիվ փորձարկումները։
Ըստ IDRW-ի՝ ՀՀ ՊԲ-ի խնդրանքով ATAGS-ի առաջին խմբաքանակը ծրագրավորվել է հայերեն հաշվարկման մոդուլով (TCM): Բացի այդ, մի քանի այլ փոփոխություններ են կատարվել՝ զենքերը հայ զինվորականների հատուկ պահանջներին համապատասխանեցնելու համար:
«Թեև ատրճանակներn ի սկզբանե փորձարկվել են Հնդկաստանում, նախքան Հայաստանի կողմից դրանց գնման հաստատումը դրանք լայնորեն չեն փորձարկվել հայկական պայմաններում: Այս փորձարկումների հաջող ավարտը Հայաստանի համար ճանապարհ հարթեց հնդկական Kalyani Groups արտադրողից ձեռք բերելու ևս 84 միավոր ATAGS համակարգ»,- գրում է կայքը։
Օգոստոսի 8-ին Հնդկաստանը հայտարարել էր մինչև 2024 թվականի վերջը Հայաստանին Akash-1S զենիթահրթիռային համակարգեր մատակարարելու մասին։ Հնդկաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ 2024-25թթ․ ֆինանսական տարվա սկզբին Հնդկաստանից Հայաստանի սպառազինության ընդհանուր ներմուծումը հասել է 600 միլիոն դոլարի։
2024-ի փետրվարի 2-ին ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը զենքի մատակարարման ոլորտում Հնդկաստանը և Ֆրանսիան անվանել էր Հայաստանի հիմնական գործընկերներից մեկը։ The Economic Times-ն ապրիլին գրել էր Հայաստանում ռազմական կցորդ նշանակելու Հնդկաստանի ծրագրերի մասին:
2022 թվականի սեպտեմբերին Հայաստանը Հնդկաստանի հետ 244 միլիոն դոլարի զենք գնելու պայմանագիր էր կնքել։ Հնդկաստանը 155 մմ տրամաչափի ATAGS հրետանային առաջին վեց համակարգերը Հայաստանին էր մատակարարել 2023 թվականի օգոստոսին։
Հնդկական պաշտպանական հետազոտական թևը 2023 թվականի դեկտեմբերին հայտարարել էր, որ Երևանը մտադիր է գնել 15 AAD համակարգեր Հնդկաստանից՝ Bharat Dynamics արտադրող ընկերությունից:
Հունվարի 28-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրը հարյուր միլիոնավոր դոլարների պատվերներ է ստացել երկրի կառավարությունից։ Հայաստանի պաշտպանության նախարարը փետրվարի 2-ին հայտարարել էր հայրենական ռազմարդյունաբերական համալիրից գնումների 20 անգամ ավելացման մասին։ Ապրիլին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայտարարել էր, որ Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրը պաշտպանության նախարարությունից ստացել է 122 մլրդ դրամի (308 մլն դոլար) պատվերներ։ 2024 թվականի ավարտին այդ գումարը պետք է հասնի 191 մլրդ դրամի (ավելի քան $482 մլն)։