Հայաստանը դիտարկում է Հարավային Կորեայում արտադրված K2 տանկերի գնման հնարավորությունը, հայտնում է Army Recognition-ը՝ վկայակոչելով հարավկորեական լրատվամիջոցներին։
Նրանց տեղեկություններով՝ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերին այցելել է Հարավային Կորեա՝ այդ տիպի տանկերի ձեռքբերման հնարավորությունն ուսումնասիրելու նպատակով։
Ըստ կայքի՝ K2 մարտական տանկը, որը ներկայումս օգտագործվում է Հարավային Կորեայի բանակի կողմից, ունի կիսաակտիվ օդաճնշման կասեցման համակարգ, առաջադեմ տեխնոլոգիա, որը հատկապես հարմար է լեռնային տեղանքների համար:
«Հայաստանի տարածքի մոտ 86%-ը լեռնային է, այս հնարավորությունը կարող է զգալի ռազմավարական առավելություն տալ՝ բարձրացնելով մարտական գործողություններում զորքերի շարժունակությունն ու ճշգրտությունը։ Բացի այդ, տանկը հագեցած է սենսորով, որն ավտոմատ կերպով կարգավորում է կախոցը՝ ելնելով տեղանքից՝ հետագայում բարելավելով ճշգրտությունը և անձնակազմի հարմարավետությունը»,- գրում է կայքը:
K2-ը ձեռք է բերվել կամ հարմարեցվել նաև այնպիսի երկրների կողմից, ինչպիսիք են Լեհաստանը և Թուրքիան։
Օգոստոսի 8-ին Հնդկաստանը հայտարարել էր մինչև 2024 թվականի վերջը Հայաստանին Akash-1S զենիթահրթիռային համակարգեր մատակարարելու մասին։ Հնդկաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ 2024-25թթ․ ֆինանսական տարվա սկզբին Հնդկաստանից Հայաստանի սպառազինության ընդհանուր ներմուծումը հասել է 600 միլիոն դոլարի։
Հունվարի 28-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրը հարյուր միլիոնավոր դոլարների պատվերներ է ստացել երկրի կառավարությունից։ Հայաստանի պաշտպանության նախարարը փետրվարի 2-ին հայտարարել էր հայրենական ռազմարդյունաբերական համալիրից գնումների 20 անգամ ավելացման մասին։ Ապրիլին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայտարարել էր, որ Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրը պաշտպանության նախարարությունից ստացել է 122 մլրդ դրամի (308 մլն դոլար) պատվերներ։ 2024 թվականի ավարտին այդ գումարը պետք է հասնի 191 մլրդ դրամի (ավելի քան $482 մլն)։