Քննչական կոմիտեն հայտնել է հոկտեմբերի 6-ին ՀՀ ՊԲ զինծառայող Վահե Հարությունյանին ինքնասպանության հասցնելու գործով հերթափոխի պետի կալանավորման մասին։
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (հրամանատարի կողմից զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 10 տարի ժամկետով)։
Ըստ ՔԿ-ի՝ հերթափոխի պետը Հարությունյանի նկատմամբ դրսևորել է դաժան վերաբերմունք, մի քանի անգամ նրա պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող արտահայտություններ արել, հարվածներ հասցրել։
«Վահե Հարությունյանը, հայտնվելով անելանելի վիճակում, կրակային դիրքից որոշակի հեռավորության վրա, իրեն ամրակցված ինքնաձիգով կրակոց արձակելով իր գլխին՝ ինքնասպանություն է գործել»,- ասվում է ՔԿ-ի հաղորդագրության մեջ։
Հարությունյանի մահվան մասին ՊՆ-ն հայտնել էր հոկտեմբերի 6-ին, նրան հայտնաբերել էին զորամասի հրետանային դիվիզիոնի կրակային դիրքից մոտ 30 մետր հեռավորության վրա։