Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը Պաշտպանական անվտանգության հարցերով համագործակցության գործակալության տնօրեն Մայք Միլլերի հետ քննարկել է պաշտպանական համագործակցությունը, հայտնել է ՀՀ ՊՆ-ն։
Վաշինգտոնում կայացած հանդիպմանը մասնակցել են նաև ԱՄՆ բանակի անվտանգության աջակցման հրամանատարության հրամանատար, բրիգադի գեներալ Ալեն Փեփերը և ԱՄՆ պաշտպանության քարտուղարի միջազգային անվտանգության հարցերով տեղակալ, պաշտպանական քաղաքականության գրասենյակի տնօրեն Թրեսսա Գենոն։ Նրանք Ասրյանի հետ քննարկել են տարածաշրջանային անվտանգությունը և հայ-ամերիկյան համագործակցության առաջիկա ծրագրերը։
Ասրյանը հոկտեմբերի 13-16-ը մասնակցում էր ԱՄՆ բանակի սպառազինության ասոցիացիայի ցուցահանդեսին։
Հուլիսին Հայաստանում անցկացվել էին հայկական և ամերիկյան բանակների «Արծիվ գործընկեր-2024» զորավարժությունները: Սեպտեմբերի 19-24-ը Հայաստանում ԱՄՆ պաշտպանության նախարարության սպառնալիքների նվազեցման գործակալության հետ համատեղ անցկացվել էին նաև դաշտային վարժանքներ։