Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը News.am -ին հայտարարել է, որ բանակում խաղաղ պայմաններում մահվան դեպքերի գերակշիռ մասն ուղղակիորեն կապված չէ զորամասում տեղի ունեցածի հետ։
Նա նշել է, որ պատժվում են բոլոր այն անձինք, ովքեր իրենց անգործությամբ կամ գործողություններով ներգրավված են նման դեպքերում։
«Չենք արդարացնում որևէ բան, սակայն երբ ասում են՝ զինվորների մահվան դեպքեր, թվաքանակ, ցանկալի է նաև տեղեկանալ, թե դեպքերի թիվն ինչի՞ հիման վրա է գոյանում։ Հանրության շրջանում մեծ աղմուկ բարձրացրած դեպքերը, հիմնականում ինքնասպանությունները և նմանատիպ այլ խաղաղ պայմաններում զոհերը, նաև այնպիսի դեպքեր, որոնք տեղի են ունեցել զինծառայողների մասնակցությամբ տրանսպորտային պատահարների ժամանակ, էլեկտրահարվելը, վիճակագրության մեջ արտացոլվում են որպես խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքեր»,- պարզաբանել է ՊՆ փոխնախարարը։
Սարգսյանի խոսքով՝ 2024 թվականին նախորդ տարվա համեմատ խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերի աճ չկա։
«Ավելին, ունենք դեպքերի նվազում։ Սա արդեն իսկ խոսում է կանխարգելիչ միջոցառումների որոշակի արդյունավետության մասին»,- ասել է փոխնախարարը։
Նա վստահեցրել է, որ խաղաղ պայմաններում զինծառայողների մահը մտահոգում է գերատեսչությանը, և այդ ողբերգական դեպքերի կանխումը ՊՆ ղեկավարության ուշադրության կենտրոնում է։
2023 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերում ոչ մարտական պայմաններում 64 զինծառայող էր զոհվել։ Ըստ կառավարության տվյալների՝ զինված ուժերում մարտական պայմաններում զոհվել էր 19 զինծառայող:
Դատախազության տարեկան զեկույցի համաձայն՝ 2023 թվականին զինծառայողների մահվան դեպքերը 2022-ի համեմատ 69%-ով (22 դեպքով) ավելացել են։
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը 2023 թվականի օգոստոսին Armenia Today-ին տված մեկնաբանության մեջ զինծառայողների մահվան դեպքերի աճը կապել էր բանակում հետպատերազմյան փոփոխությունների բացակայության հետ։