ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի հայտարարությունն այն մասին, որ հայկական բանակն ի վիճակի չէ դիմադրել ադրբեջանական զորքին, խարխլում է սահմանը պահող զինվորների բարոյահոգեբանական վիճակը, հայտարարել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Պատգամավորն այսպես է մեկնաբանել ԵԿՄ ղեկավարի խոսքերը, թե Հայաստանն ի վիճակի չէ դիմակայել Ադրբեջանին, ուստի պետք է համաձայնի սահմանազատմանը և խաղաղության պայմանագիր կնքի։
«Այն մարդը, ում հրամանատարությամբ, այսօր էլ մարտական դիրքերում հերթապահություն է կրում ԵԿՄ-ն, հայտարարում է, որ դիմադրելու, պայքարելու ձև ու իմաստ չկա, ճիշտն ադրբեջանական պայմաններով հերթական կապիտուլյացիային գնալն է: Իշխանության մեջ այդպիսի կարգավիճակ ունեցողի կողմից նման հայտարարությունը ծանր հարված է մեր պաշտպանողականությանն ու ամենօրյա ռեժիմով ծառայող, քրտինք թափող մեր զինծառայողին»,- նշել է նա:
Այս հայտարարությունը, ըստ պատգամավորի, դե ֆակտո ճանաչում է անվտանգության ոլորտում իշխանությունների լիակատար ձախողումը, հաստատում, որ վերջին վեց տարիների ընթացքում իշխանությունները ոչինչ չեն արել երկրի պաշտպանունակությունն ամրապնդելու համար։
Հոկտեմբերի 27-ին Միքայելյանը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հայտարարել էր, որ կողմ է սահմանների սահմանազատմանը, քանի որ Հայաստանն «այսօր հնարավորություն չունի կռվելու ադրբեջանցիների դեմ»։ Նրա խոսքով՝ Բաքուն արդեն 20 տարի է, ինչ գնում է ժամանակակից զենք ու զինամթերք, իսկ Հայաստանի նախորդ իշխանություններն «զբաղված էին թալանով»։
Փաշինյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Մակրոնին և հրավիրել Հայաստան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և նշել, որ ակնկալում է հաջորդ տարի...