Հայաստանի Զինված ուժերում 2024 թվականին ոչ մարտական պայմաններում մահացել է 33 զինծառայող, 2023-ի համեմատ մահվան դեպքերը գրեթե կրկնակի նվազել են, ԱԺ-ում լրագրողներին ասել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
Թորոսյանի խոսքով՝ մահվան 33 դեպքից 2-ն ավիավթարի, 5-ը հիվանդության, 11-ը՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով են։ Նա նշել է, որ 11 պատահարներից 7-ի դեպքում մահվան դեպքերը ծառայությունից դուրս են տեղի ունեցել։
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն, իր հերթին, նշել է, որ բանակում արատավոր բարքերի առկայությունը նաև պատասխանատու գերատեսչության թերացման հետևանքով է։
2023 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերում ոչ մարտական պայմաններում 64 զինծառայող էր մահացել։ Կառավարության տվյալներով՝ մարտական պայմաններում զոհվել էր 19 զինծառայող:
Դատախազության տարեկան զեկույցի համաձայն՝ 2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 2022-ի համեմատ 69%-ով (22 դեպքով) ավելացել էին։
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը 2023 թվականի օգոստոսին Armenia Today-ին հայտնել էր, որ զինծառայողների մահվան դեպքերի աճի պատճառը բանակում հետպատերազմյան փոփոխությունների բացակայությունն է։